Շտապօգնության և առաջին բուժօգնության ցուցաբերմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ
Պատասխանատու՝ : դոկտոր Թիֆեն Բուասո
Շտապօգնության որակյալ ծառայությունները և բնակչության զգալի մասի՝ առաջին բուժօգնության ցուցաբերման գործողությունների իմացությունը կարևոր են ցանկացած երկրում։ Հայաստանում դրանց կարիքը տասնապատկվել է՝ պայմանավորված զինված հակամարտության ամենօրյա սպառնալիքով։ Սակայն Հայաստանի բնակչությունը մեծ մասամբ անտեղյակ է առաջին բուժօգնության ընթացակարգերից, և «շտապօգնության բժիշկ» մասնագիտացում, որպես այդպիսին, չկա Հայաստանում։
Աշխարհաքաղաքական անկայունության, մշտական սպառնալիքների և կանոնավոր հարձակումների համատեքստի մաս կազմող Սյունիքի մարզում է, որ կենսական կարևոր նշանակություն ունի բնակչության՝ ճգնաժամերին (հարձակումներ, ներխուժումներ, փախստականների հոսք և այլն) դիմակայելու կարողությունը։
2022 թվականին Սյունիքում իրականացված դիտորդական առաքելության արդյունքում «Սանտե Արմենի»-ն մշակել է Սյունիքի առողջապահության ոլորտի մասնագետներին բժշկական շտապօգնության ուղղությամբ վերապատրաստելու և, ավելի լայն ընդգրկմամբ, մարզի քաղաքացիական բնակչությանն առաջին բուժօգնության ընթացակարգերը ուսուցանելու ծրագիր:
Նախագիծն իրականացվում է չորս ուղղությամբ՝ յուրաքանչյուր ուսուցողական դասընթացը թիրախային ունկնդրին հարմարեցնելու համար.
- Սյունիքի բնակչության համար առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգերի իմացության դասընթացներ.
- Ուսուցման դասընթացներ Սյունիքի կրթական կառույցներում՝ ուղղված հատկապես ավագ դպրոցի աշակերտներին.
- Վերապատրաստման դասընթացներ Սյունիքի առողջապահության ոլորտի մասնագետների համար.
- Ընդլայնված վերապատրաստման դասընթացներ նախահիվանդանոցային շտապօգնության համար պատասխանատու մասնագետների համար:
Շտապօգնության եվրոպացի բժիշկների առաջարկով անցկացվող վերապատրաստման այս դասընթացներն ունեն ուղղակի և անուղղակի ազդեցություն. մի կողմից՝ նրանք, ովքեր վերապատրաստվել են «Սանտե Արմենի»-ում, կկարողանան միջամտել, եթե շտապօգնության անհրաժեշտություն ծագի, բացի դրանից՝ ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները կկարողանան փոխանցել իրենց շրջապատին: