Մեր գործունեությունը
Որակյալ բժշկական օգնության հասանելիությունը Հայաստանում սահմանափակ է:
Թեև Երևանի հիվանդանոցների և գործող բժիշկների թիվը գերազանցում է արևմտյան խոշոր քաղաքների նույն ցուցանիշները, Հայաստանի առողջապահական համակարգի բաշխվածությունն անհամաչափ է՝ մայրաքաղաքի և մարզերի միջև հատկապես ցայտուն տարբերությամբ։
Բոլորի համար սոցիալական ապահովության բացակայությունը ստեղծում է ֆինանսական խոչընդոտներ և ավելի է խորացնում բժշկական ծառայությունների հասանելիության առումով անհավասարությունը, դրան գումարվում է ժամանակակից սարքավորումների և դեղամիջոցների բացակայությունը:
Հայաստանում առողջապահության ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացը ևս ունի բավականին բացեր, ինչը հանգեցնում է ախտորոշումների և առաջարկվող բուժօգնության անբավարար որակի: Այս ամենը, բնականաբար, առողջապահական համակարգի նկատմամբ բնակչության անվստահության պատճառ է դառնում:
Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը նպաստելու նպատակով, տեղում արձանագրված կարիքները հաշվի առնելով, «Սանտե Արմենի»-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք կյանքի են կոչվում աշխատանքային չորս ուղղություններով.
- Առողջապահական ծառայությունների մատուցում և առողջապահական ենթակառուցվածքների հզորացում` առողջապահական ծառայությունների անվճար տրամադրում բնակչության այն խմբերին, որոնց համար նման ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է.
- Ուսուցում և փորձառության փոխանցում` Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետներին ֆրանսիական բժշկական փորձից օգտվելու հնարավորության ընձեռում.
- Գիտահետազոտական աշխատանք և զարգացում` բժշկակագիտական հետազոտությունների խթանում Հայաստանում.
- Գործընկերություն տեղական հաստատությունների հետ` աջակցություն առողջապահական քաղաքականության խորքային փոփոխությունների իրականացմանը՝ բնակչության կարիքները բավարարելու համար:
«Սանտե Արմենի»-ն աշխատանքի է ընդունում և վերապատրաստում Հայաստանի մասնագետների, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են միության կամավոր անդամների անմիջական հսկողության ներքո: