Հոգետրավմաների վարում

Պատասխանատուներ՝ դոկտոր Պատրիկ Ալեսյան, Անահիտ Դասյո-Տեր-Մեսրոպյան, դոկտոր Սևան Մինասյան, դոկտոր Իրեն Նիգոլյան


2020 թվականի Արցախյան պատերազմը, Covid-19-ի համաճարակը, Ադրբեջանի պարբերական հարձակումները Սյունիքի մարզի տարածքում, 2023 թվականի սեպտեմբերին արցախցիների արտագաղթով ավարտված՝ Լաչինի միջանցքի շրջափակումը կենսական են դարձրել հոգեսոցիալական աջակցության անհրաժեշտությունը։ Սյունիքի մարզի և Արցախի բնակչությունը տասնամյակներ շարունակ մշտապես տառապում է ծանր հոգեբանական տրավմաներից, որոնց վարման անհրաժեշտություն կա։

Սակայն ակնհայտ է, որ Հայաստանում այս ոլորտի մասնագետները փոքրաթիվ են, իսկ հոգեբանական և հոգեբուժական օգնության դիմելու գաղափարը շարունակում է հաճախ տաբու մնալ։

Իր գործունեությունը սկսելուց ի վեր «Սանտե Արմենի»-ն Հայաստանում և Արցախում վերապատրաստել և օժանդակել է հոգեբանների ու հոգեբույժների՝ թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական բնակչությանը միջազգային չափորոշիչներին համապատասխան հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:

Զինված հակամարտությունների վերսկսման մշտական սպառնալիքի, ամիսներ շարունակ արցախցիների նկատմամբ կիրառված շրջափակման և նրանց բռնի արտագաղթի համատեքստում «Սանտե Արմենի»-ն աշխատանքի է ընդունել հոգեբանների ու հոգեբույժների, որոնց վերապատրաստում և ուղղորդում են նրանց եվրոպացի կամավորական գործընկերները: Նպատակը անհատական կամ խմբային խորհրդատվությունների միջոցով բնակչությանը հոգեբանական աջակցություն առաջարկելն է։

2023 թվականին «Սանտե Արմենի»-ն հոգետրավմաների վարման գործընթաց է ծավալել Սյունիքի մարզում և Արցախում՝ 3 ուղղություններով.

  • Գորիսում, Սանտե Արմենիի վերականգնողական կենտրոնում և կենտրոնի այլ գործառույթների համակցությամբ, հոգեբան մասնագետը յուրաքանչյուր օր ընդունում է բուժառուների.
  • Եվս երկու հոգեբան՝ «Սանտե Արմենի»-ի աշխատակից, անհատական խորհրդատվություն է տրամադրում Գորիսում՝ զուգահեռաբար աշխատելով դեռահասների խմբերի հետ Սիսիան քաղաքի դպրոցներից մեկում: Անհրաժեշտության դեպքում բուժառուներին օգնություն է ցուցաբերում «Սանտե Արմենի»-ում կես դրույքով աշխատանքի ընդունված հոգեբույժը.
  • Մինչև 2023 թվականի սեպտեմբերը 2 շրջիկ թիմեր են գործել Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ «Էմպաթիա» խորհրդատվական կենտրոնի 2-ական հոգեբանից կազմված այս թիմերն այցելում էին սահմանամերձ գյուղեր, օգնություն ցուցաբերում պատերազմի հետևանքով ծանր կորուստներ ու տրավմաներ կրած մարդկանց: Անհրաժեշտության դեպքում հոգեբանները ներգրավում էին նաև հոգեբույժի: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնակչության արտագաղթը չի դադարեցրել այս թիմերի գործունեությունը։ Ընդհակառակը՝ այն նոր թափով շարունակվում է Հայաստանի Արարատի մարզում բնակչություն հաստատած արցախցի փախստականների շրջանում։

2021թ. Փարի-Էստ Կրետելի համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև ստորագրված միջբուհական համաձայնագրի շրջանակներում, պրոֆեսոր Ժան-Մարկ Բալեյտի (մանկական հոգեբույժ, համալսարանի դասախոս-գործող հիվանդանոցային բժիշկ, Կրետեյի) նախաձեռնությամբ, «Սանտե Արմենի»-ն աշխատում է Երևանում մանկական հոգեբուժության ամբիոնի ստեղծման ուղղությամբ, կրթական ծրագիր մշակում երիտասարդ շրջանավարտների և հոգեբույժների համար։ Նպատակը Հայաստանում մանկական հոգեբուժության ոլորտում ուսուցման պակասը լրացնելն է։
Երևանի բժշկական համալսարանի հոգեբուժության դասախոսները, ինչպես նաև երիտասարդ հոգեբաններն ու հոգեբույժները հնարավորություն ունեն անցնելու մանկական հոգեբուժության արագացված դասընթաց և փորձառություն ձեռք բերելու Փարի-էստ Կրետելի (Paris-Est Créteil UPEC) համալսարանում:

«Սանտե Արմենի»-ն մասնակցել է նաև Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հոգեբանության ամբիոնի ասպիրանտական դասավանդման ծրագրին։ Դրա շրջանակներում «Սանտե Արմենի»-ի անդամ մասնագետներն անցկացնում էին ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ երեխաների, դեռահասների և մեծահասակների կլինիկական հոգեախտաբանական խանգարումների վերաբերյալ: